Երեկ, Грузия online-ին հարցազրույց է տվել Վրաստանի ՆԳՆ նախկին աշխատակից Կարինա Գրիգորյանը, ով այս տարվա հունվարին որպես բողոքի նշան հրաժարական տվեց, երբ վարչապետ Իվանիշվիլին համաներում հայտարարեց, որի արդյունքում ազատության մեջ հայտնվեց և Չախալյանը: Սաակաշվիլին, ի դեպ, Գրիգորյանին դրանից անմիջապես հետո շնորհեց Վրաստանի «Պատվո շքանշան» երկրի անվտանգության մեջ ներդրման համար: Գրիգորյանը շարունակում է մեղադրել Վահագն Չախալյանին` անջատողական տրամադրություններ տարածելու մեջ և ամեն կերպ ցույց տալ, թե ինչ վատ բան արեց Իվանիշվիլին ազատություն շնորհելով Չախալյանին ու նրա նմաններին:
Հարցին, թե Չախալյանը մեղադրո՞ւմ է նախորդ իշխանություններին Ջավախքում հայ բնակչության հանդեպ իրականացրած հանցագործ քաղաքականության մեջ, Կարինա Գրիգորյանը պատասխանել է, թե դա անհիմն զրպարտանք է: «Ջավախքում բնակչությունը ապրում է այնպես, ինչպես Վրաստանի մնացած շրջաններում: Այնտեղ չկան ֆաբրիկաներ, գործարաններ, կամ ինչ-որ լուրջ արտադրություններ, որպեսզի աշխատանք գտնեն: Դա գյուղատնտեսական շրջան է, բայց բնակչությունը ապրում է բավականին նորմալ` շատ աշխատում են և վատ չեն ապրում, հայերը աշխատասեր ժողովուրդ են: Ընդհանրապես ավելի լավ է այդ հարցը տալ Չախալյանին»,- ասել է Գրիգորյանը:
Բայց սա դեռ բոլորը չէ: Հարցին, թե ճի՞շտ եք համարում, որ հանձնաժողովը ազատեց Չախալյանին, Գրիգորյանը պատասխանել է. «Ոչ, ես միշտ նրան վերաբերվել եմ որպես անջատողականի: Հենց ազատեցին, նա անմիջապես պահանջեց հայոց լեզվին պետական կարգավիճակ տալ: Չեմ զարմանա, եթե հաջորդ քայլը լինի բողոքի ակցիան Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը դադարեցնելու պահանջով»: Գրիգորյանը նշել է նաև, թե Չախալյանը ֆինանսավորվել է Ռուսաստանի կողմից, և առհասարակ, ինչ նա ձեռնարկել է Վրաստանում, ռուսական իշխանությունների կողմից է ուղղորդվել:
Հեռու եմ այն մտքից, թե Վահագն Չախալյանը հերոս է, բայց նա Ջավախքում այն մարդն էր, որ ինչ-ինչ հարցեր էր առաջադրում` դրանցով վրացական իշխանությունների ուշադրությունը հրավիրելով ջավախքցիների խնդիրների վրա: Հենց «Միասնական Ջավախք» դաշինքի շնորհիվ էր, որ Վրաստանի իշխանությունները սկսեցին մտածել տեղի հայ բնակչության մասին: Այլ հարց է, որ հայերի պրոբլեմները լուծելու փոխարեն նրանք ձերբակալեցին Չախալյանին ու էլի մի քանիսին: Հարցը դրանով փակվեց: Ինչպես Կարինա Գրիգորյանի ասելով` նրան ձերբակալելուց հետո ջավախքցիները հանգիստ կյանքով են ապրել. «Վերջին հինգ տարում շրջանում իրավիճակը փոխվել է, մարդիկ համոզվեցին, որ կարելի է հանգիստ ապրել, վաստակել, շրջանը աստիճանաբար զարգացել է, որը նախկինում տեղի չէր ունենում «Միասնական Ջավախք»-ի ագրեսիվ գործողությունների պատճառով»:
Դե ինչ ասես այս տիկնոջը, ով ջանք չի խնայում Սաակաշվիլու վարկանիշը բարձրացնելու համար, թեկուզ սեփական հայրենակցին հանցագործ հանելու հաշվին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ